Difference between revisions 4593287 and 4593409 on hywiki

'''Ամստերդամի հայկական տպագրություն''', առաջին տպարանը հիմնել է Էջմիածնի նոտար [[Մատթեոս Ծարեցի]]ն, [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[Հակոբ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեցու]] հանձնարարությամբ, 1660 թվականին:

== Պատմություն ==

Անդրանիկ հրատարակությունը Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին» էր, որը Ծարեցու մահից հետո (1661) լույս է ընծայել վաճառական Ավետիս Ղլիճենցը (Ոսկան Երևանցու եղբայրը): 1661 թվականից, տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան Երևանցու աշակերտ Կարապետ Անդրիանացին: 

1664 թվականից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան Երևանցին, որի անունով էլ այն կոչվել է Ոսկանյան տպարան: Գործել է երեք քաղաքներում` Ամստերդամում (մինչև 1669 թվականը), Լիվոռնոյում (մինչև 1672 թվականը), Մարսելում (մինչև 1686 թվականը): Հրատարակել է 42 անուն հայկական գիրք: 

Ամստերդամում տպարանը լույս է ընծայել 22 անուն գիրք` Սաղմոսարաններ, մեծ Ժամագիրք, Շարակնոց, Աստվածաշունչ, Մաշտոց, Նոր կտակարան, այբբենարան, Ոսկան Երևանցու «Քերականութեան գիրքը», Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյցը» (1668) և Վարդան Այգեկցու առակները, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669): Ոսկան Երևանցին հայկական հրատարակումների տպաքանակը մի քանի հարյուրից հասցրել է մի քանի հազարի: 

1685 թվականին Ոսկան Երևանցու աշակերտներից Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը Ամստերդամում սկզբնավորել է հայկական երկրորդ տպարանը, որի տնօրենը դարձել է Թովմաս Վանանդեցին, իսկ նրա մահից հետո (1703)՝ Ղուկաս Վանանդեցին։ Վանանդեցիների գրահարատարակչական տունը (տպարանը) դժվարին պայմաններում գործել է 32 տարի, լույս ընծայել Շարակնոց, «Համատարած աշխարհացոյց» (հայկական առաջին տպագիր քարտեզը` կիսագնդեր, 1695, փորագրիչներ` հոլանդացի Ադրիան և Պետրոս Սկոմբեկ եղբայրներ), Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը», Ղուկաս Վանանդեցու աշխատությունները, Արիստոտելի «Յաղագս առաքինութեանց» և այլ գործեր:

Ամստերդամում Վանանդեցիների հետ բարեկամական հարաբերություններ են ունեցել գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս Գ․ Լայբնիցը, արևելագետ Յո․ Շրյոդերը, նրանց այցելել է Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը։ Վանանդեցիների գրահրատակչական տունը փակվել է 1917 թվականին<ref>Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, ՀԽՀԳԽ, 1990, էջ 165։</ref>։

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

== Գրականություն ==

* Սարուխան Ա․, Հոլլանդան և հայերը ԺԶ―ԺԹ դարերում, Վիեննա, 1926։
* Լևոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958։
* Գրիգորյան Մ., Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոց մասին, Վիեննա, 1969։
* Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հ. 1, Երևան, 1977:
* Ռաֆայել Իշխանյան, Հայ գիրքը, Երևան, 1981: