Difference between revisions 6101133 and 6101188 on hywiki

Արևելյան, այդ թվում հայերեն, ինչպես նաև հունարեն ձեռագրերում պարականոնը կրում է «Յիշատակարանք Պիղատոսի» («Υπομνήματα Πιλάτου») խորագիրը (տե՛ս Հ. Անասյան. Հայկական մատենագիտություն, Ե-ԺԸ դդ, հ. Բ, Երևան, 1976, էջ 954–958): Երբեմն «Գործք Պիղատոսի» վերնագրով ենք հանդիպում նաև Պիղատոսի՝ Տիբերիոս կայսերն ուղղած թուղթը, որը, ըստ ավանդության, գրվել է խաչելությանը հաջորդող օրերին՝ որպես Հրեաստանում Հռոմի դրածոյի պաշտոնական արձանագրություն: Առաջին դարերում թուղթը բավական մեծ տարածում է ունեցել, անգամ հավակնել է դառնալ վավերական գրություն (տե՛ս G. Sluter. The Acta Pilati, important testimony of Pontius Pilate, recently discovered, being his official Report to the Emperor Tiberius, concerning the Crucifixion of Christ, London, 1879, pp. 47–69): Հիշյալ աշխատության հեղինակը ընդարձակ ծանոթագրություններով և անգլերեն թարգմանությամբ հրատարակել է 1844 թ. հայտնաբերված «Պոնտացի Պիղատոսի պաշտոնական արձանագրությունը Հիսուս Քրիստոսի դատավարության ու խաչելության մասին» լատիներեն հնագույն ձեռագիրը, որն այլ կեղծ գրվածքների շարքում պահվում էր Վատիկանի առաքելական գրադարանում՝ «Տիբերիոս կայսեր դատավարություն»-ը ընդհանուր խորագիրը կրող հավաքածուի մեջ: Այս թուղթը, սակայն, էականորեն տարբերվում է հայերեն ձեռագրերում պահպանված «Թուղթ Պիղատոսի Դատաւորի առ Տիբերիոս կայսեր» պարականոն գրվածքից [տե՛ս Ե. Տայեցի. Թանգարան հայկական հին եւ նոր դպրութեանց, հ. Բ, Անկանոն գիրք Նոր Կտակարանաց (այսուհետև՝ Անկանոն գիրք Նոր Կտակարանաց), Վենետիկ, 1898, էջ 359, 379]: