Revision 17253 of "Arshak en shapuh" on hywikiquoteՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ (ծ. և մ. թթ. անհտ), Vդ. մատենագիր, պատմիչ: Ստ. Մալխասյանցի կարծիքով` Բուզանդ մականունը բաղկացած է <<բու>> և <<զանդ>> հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ: Ըստ նրա` մատենագրի <<Պատմութիւն Հայոց>>-ի իսկական և համապատասխան անունը եղել է <<Բյուզանդարան պատմութիւնք>> բնորոշ հոգնակի ձևով, այսինքն` պատմությունների ժողովածու Բուզանդի: Փավստոս Բուզանդի վերաբերյալ առաջին տեղեկությունը հաղորդող Ղազար Փարպեցին նրա <<Պատմութիւն >>-ը համարում է երկրորդը (Ագաթանգեղոսի երկից հետո) և նրանում հանդիպող թերությունները վերագրում հետագա թերուս մարդկանց: Երկասիրությունը պարունակում է Տրդատ Գ Մեծից հետո Հայաստանի պատմությունը` մինչև նրա առաջին բաժանումը (387) Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ, Վեցերորդ), որոնք բաժանվում են մանրամասն վերնագրեր ունեցող գլուխների: Երրորդ դպրությունը (21 գլուխ, վերնագրում գրված է <<Ի սկիզբն>> բառը) ընդգրկում է Խոսրով Բ Կոտակի (330–338) ու Տիրանի (338–350) թագավորությունների ժամանակաշրջանը: Չորրորդը (59 գլուխ)` Արշակ Բ-ի (350 – մոտ 368) գահակալության շրջանը մինչև նրա` Անհուշ բերդում բանտարկվելը: Հինգերորդը (44 գլուխ) վերաբերում է Պապի (370–374) ու Վարազդատի (374–378), Արշակ Գ-ի (378–390) և աթոռակից Վաղարշակի թագավորելու ժամանակահատվածներին: Վեցերորդը (վերնագրում նշվում է <<Վերջ>>) բաղկացած է 16 գլխից, որոնցից առաջինում Հայաստանի բաժանման պատմությունն է (Պարսից և Հունաց միջև), իսկ հաջորդ 15-ում` համառոտ տեղեկություններ հայ եպիսկոպոսների մասին: Փավստոս Բուզանդը երկը շարադրելիս օգտվել է Աստվածաշնչից, վարքաբան-վկայաբան. գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից (<< Արշակ և Շապուհ>>): Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված <<Պարսից պատերազմը>> ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է: Հայրենասիրությամբ տոգորված գիրքը կոչված էր Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագրական ոգին, նրան սատարել հայրենապաշտպան պայքարում: Այն միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ (երկի գրեթե մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ ևն): Երկում բացակայում է ժամանակագրությունը, առկա են անճշտություններ և պատմական դեպքերի ու դեմքերի որոշակի վիպականացում: Մեծ տեղ է տրված Մամիկոնյան սպարապետներին (Վասակ, Մուշեղ, Մանվել)` նրանց ներկայացնելով իբրև քաջահաղթ կռվողներ եկեղեցու, հայրենիքի ու Արշակունի հայ թագավորների պաշտպանության համար: Քաղաքական պատմությանը ներհյուսված ընդարձակ տեղեկություններ են հաղորդվում հայ նշանավոր հոգևորականների մասին: Փավստոս Բուզանդի աշխատությունը երկրորդն է (Ագաթանգեղոսի երկից հետո) իր պատմական արժեքով, որի շնորհիվ հնարավոր է պարզել Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորման և գոյության առաջին հարյուրամյակի պատմությունը: Սկսելով Գրիգոր Ա Լուսավորչի, Արիստակես Ա Պարթևի և նրանց շիրիմների մասին պատմությամբ` հեղինակը տեղեկություններ է հաղորդում հաջորդների վերաբերյալ (Վրթանես Ա Պարթև, Հուսիկ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ), որոնք ժառանգաբար նստել են կաթողիկոս. աթոռին: Փավստոս Բուզանդը նկարագրել է նրանց պայքարը հեթանոսական սովորությունների դեմ, մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին, ներքին հակասությունները եկեղեցու և թագավորական իշխանության միջև (Հուսիկ Ա Պարթև և Տիրան, Ներսես Ա Մեծ և Արշակ Բ, Պապ): Կարևոր տեղ է գրավում Ներսես Ա Մեծի գործունեությունը. եկեղեցու բարեկարգում, Աշտիշատի եկեղեցական ժողովի հրավիրում (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ), մասնակցությունը պետ. գործերին, միջնորդությունը հայ-հռոմ. Հարաբերություններին ևն: Անդրադարձել է Գրիգորիսի, Խադ եպիսկոպոսի (տեղապահ), Արտաշատի Զվիթ քահանայի գործունեությանը (վերջինս գերեվարվելով Պարսկաստան` մերժել է մոգությունն ընդունելու Պարսից Շապուհ արքայի պահանջը և նահատակվել): Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում IV դ. Հայ եկեղեցու կառուցվածքի, Աշտիշատի Մայր եկեղեցու, կաթողիկոսարանի որոշ գործակալությունների մասին: Մեծարժեք է Փավստոս Բուզանդի վկայությունը Ներսես Ա Մեծից հետո Աղբիանոսյանների տոհմից ընտրված Շահակ Ա Մանազկերտցուն (ըստ հեղինակի` Հուսիկ եպիսկոպոս) Պապ թագավորի կողմից Կեսարիա ձեռնադրության չուղարկելու մասին: Կեսարիայի Բարսեղ եպիսկոպոսը ցասումնալից նամակ է գրել Հայոց թագավորին ու կաթողիկոսին և վերջինիս զրկել եպիսկոպոս ձեռնադրելու իրավունքից: Սակայն նրա այդ կարգադրությունը չի կատարվել: Պատմագրի եզակի հաղորդումները (Դանիել եպիսկոպոսի պաշտոնների թվարկում ևն) պատկերացում են տալիս Հայ եկեղեցու վերին ատյաններում կառավարման կարգի մասին. եղել է եկեղեցիների կառավարչի և վերահսկողի պաշտոն (կամ պաշտոններ), որը կենտրոնացվել է Դանիել եպիսկոպոսի ձեռքում: Ըստ հաղորդումների` Տարոնի եկեղեցին (նկատի ունի Աշտիշատի Մայր եկեղեցին) գլխավորն էր բոլոր <<Մայր եկեղեցիների>> թվում: Նշված են նաև Հայ եկեղեցու սրբատեղիները` Հովհաննես Մկրտչի մարգարեանոցը և առաքյալների հանգստարանը: Համաձայն Փավստոս Բուզանդի մեկ այլ վկայության, Աշտիշատի եկեղեցին եղել է <<նախնեաց եկեղեցական ժողովների ժողովատեղին>> (Չորրորդ դպրություն, գլուխ Դ, էջ 119): <<Պատմութիւն Հայոց>>-ը շարադրված է ճոխ և պատկերավոր լեզվով: Այն հայկական մատենագրության արժեքավոր երկերից է: Առաջին անգամ <<Բիւզանդարան պատմութիւն...>> խորագրով հրատարակվել է 1730-ին, Կ. Պոլսում: Մ. Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանս. (1867), Մ. Լաուերի թարգմանությամբ` գերմ. (1879): Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikiquote.org/w/index.php?oldid=17253.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|