Revision 338715 of "Ցաված սիրտս երգեր հյուսեց" on hywikisource

                                      ***
  
                      Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
                      Երգեր անուշ ու տխուր,
                      Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
                      Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
 
                      Հավքերի պես երգերս թռան,
                         Հովերի հետ գնացին,
                     Արցունքներըս ցողեր դառան,
                        Վարդի ծոցում շողացին:
 
                        Անցան օրեր - եկավ մահը,
                        Սառ հողի տակ քուն մտա.
                        Իմ արցունքով շաղաղ վարդը
                           Շվաք ձգեց իմ վրա:
 
                           Հովերն եկան շիրմիս վրա
                            Տխուր երգեր երգեցին,-
                         Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
                            Հյուսած երգերս երգեցին...