Revision 50904 of "Կենդանիներու համագումարը" on hywikisource

{{հեղխախ}}

{{Վերնագիր
|title=Կենդանիներու համագումարը
|section = 
|previous =
|next = 
|notes = 
|author =Լեռ Կամսար}}

<div class="prose">


- Նախաբան. – Կենդանիները տեսնելով, որ բոլոր դասերը, դասակարգերը՝ սկսած մեծամեծ ազգերեն, մինչև լվացարարները, խոհարարներն ու կոշիկ սրբողները ունեցան իրենց համագումարը ու հերթական կարգն է հասեր իրենց, ձեռնարկեցին շուտափույթ համագումարի մը կազմակերպման, որը խիստ այժմեական էր։ Մյուս կողմե՝ համագումար չընել, կնշանակեր ներկա ազատութենե օգտվիլ չկրնալ։
	Այդ առթիվ Գայլը, Աղվեսը և Արջը թեթև խորհրդակցություն մը ունեցել էին ու ընտրելով խառը կազմակերպիչ կոմիտե մը, Ավանակին բերնովը հայտարարել էին համագումարը համայն կենդանյաց, առանց սեռի, հասակի, դասակարգի ու կլիմայի խտրության։ Ընտրությունները կատարված էին՝ նայած ընտրողներու վարի անդամներու թվին. չորքոտանիները՝ քառանդամ, երկոտանիները՝ երկանդամ։

:::::::Բացման նիստ

	Ժողովը բացավ կազմակերպիչ կոմիտեին կողմե Ջ. Արջը, որը ողջույնի խոսքեր ըսավ հեռավոր շրջաններեն եկած պատգամավորներուն, շեշտեց հին ռեժիմին չարիքը, նորին բարիքը, համագումարին կարիքը։ Առաջարկեց դիվանին ընտրությանն անցնել, բարեմաղթելով անոր հաջողություն։
	Պոչամբարձ քվեարկությամբ պատվավոր նախագահ ընտրվեցան Առյուծն ու Վագրը, իսկ որպես գործոն նախագահներ՝ Ջ. Արջը, Լ. Գայլը և Զ. Եզը, ա. քարտուղար՝ Ս. Աղվեսը, բ. քարտուղար՝ Ր. Ճագարը։
	Ոչխարները պոչերնին բարձրացնել չկարողանալուն համար ձեռնպահ մնացին։
	Նախագահ Արջը ծափերու տարափին տակ ամբիոնը  ելնելով, շատ հակիրճ ու սեղմ բնորոշեց ներկա մոմենտը և համագումարը, հորդորեց ձեռք-ձեռքի հառաջ տանել ներկա կենդանական վսեմ գործը, որուն վրա մեծ հույսեր է դրեր կենդանի հասարակությունը։
	Խոսեցին բ. և գ. նախագահները մոտավորապես նույն իմաստով, ու ժողովն անցավ սեկցիաներու ընտրությանը։
	Ընտրվեցավ յոթ հոգիե բաղկացյալ վերստուգիչ հանձնաժողով մը, որուն գործը պիտի ըլլար քննել բոլոր պատգամավորներու փաստաթղթերը։ Ասկե զատ, ընտրվեցան կրթական սեկցիա, բժշկա-սանիտարական սեկցիա ու երկրի ապահովության, երաժշտական սեկցիա։
	Ժամանակը ուշ ըլլալուն պատճառով ժողովը փակվեցավ աքաղաղի երկրորդ կանչին քառորդ մնացած։

:::::::Երկրորդ նիստ

	Կնախագահե Լ. Գայլը, կքարտուղարե Ս. Աղվեսը:
	Օրակարգ. – 1. Զեկուցում վերստուգիչ հանձնաժողովի:
			2. Ընթացիկ հարցեր։
	Զեկուցող Ղ. Ուղտը հանձնախմբի կողմե ամբիոն կբարձրանա։

	Ղ. Ուղտ – Կենդանինե՛ր և թռչուննե՛ր, հանձնաժողվս իր երեք նիստերու մեջ զբաղվելով պատգամավորներու ընտրության օրինականության խնդրով, նկատեց, որ մեծ մասամբ ընտրությունները կատարված են ըստ կազմական կանոնագրի հրահանգներու։ Սակայն, այնուհանդերձ, այստեղ նկատվեց շարք մը թերություններ ու թյուրիմացություններ, որոց վրա հարգելի պատգամավորներու ուշադրությունը կուզեի հրավիրել և որոց վերացումը ապագա համագումարներու ժամանակ անհրաժեշտ գտավ հանձնաժողովն։ Այսպես, օրինակ՝ շատ տեղ ջորիներն ընտրված են էշերու քվեներով։ Այլ տեղ մը անոնք կներկայանան որպես ձիերու ներկայացուցիչներ։ Չեմ հասկնար։ Մի՞գուցե այդ թյուրիմացությունը առաջացեր է կազմական ծրագրի այն անորոշութենեն, ուր խոսված ըլլալով իգական սեռին իրավահավասարության մասին, անորոշ է թողնված չեզոք սեռը, որուն պատիվն ունի պատկանելու մեծապատիվ Ջորին։ Չեզոք սեռեն բողոքագիր ներկայացուցած է նաև աշխատավոր մեղուն, որն ըլլալով հիմքը մեղրին արտադրության, այսօր անտես կառնվե կազմակերպիչ մարմնին կողե։ /Հավանություն աջեն, ձախեն բողոքներ/։
	Հանձնաժողովիս մեջ հարց բարձրացավ մարդոց մասնակցությանը մասին։ Այնտեղ առհասարակ այն կարծիքը հայտնվեց, որ շիտակ է, ժամանակով անոնք ալ կենդանիներ եղած են, սակայն, ներկայիս այնքան են հեռացեր կենդանիներեն ու այլասեռեր, որ անկարելի է այլևս անոնց հետ հարաբերություն պահպանել։ Մեր անդամներեն պարոն Շիմպանզեի հավաստիացումներուն նայելով /որուն հեռավոր ազգականներն են մարդիկ և որոց նմանվելու սովորությունը ժառանգեր են մինչև այսօր ալ/, անոնք թեև մեզ նման կծնին, բայց այլևս չեն մեռնիր, այլ կբարձրանան երկինքը՝ արքայություն կոչված տեղ մը ու կապրին։ Անոնք հոգի ունին, ինչ որ կհակասե կենդանական սկզբանց։ Այնուհետև հանձնաժողովն անցավ թռչուններու խնդրին, որոց իգական սեռը միանգամայն ձեռնպահ է մնացեր մեր ընտրությանց։ Այս թշնամական վերաբերմունքը հանձնաժողովս ոչ մեկ կերպ կրցավ բացատրել։ Միմիայն ընտանի հավերեն գրություն մը կա դիվանիս մեջ, որով կբողոքեն աքաղաղներու կողմե իրենց վրա գործ դրած խժդժությանց դեմ և կպահանջեն միակնություն։
	Ըստ կարգի խոսք առնելով Յ. Ճայ, ըսավ, որ սխալ կըլլա էգ թռչուններուն բացակայությունը թշնամությամբ մեկնաբանել, այլ իրողությունը սա է, որ կազմակերպիչ կոմիտեն համագումարն այնպիսի ամիս մը ձգեց, երբ բոլոր մարիները թուխս նստած ըլլալով, անկարող էին մասնակցել...
	Ապա Ճայը ձայն բարձրացնելով, ըսավ.
	- Թշնամություն չկա, պարոննե՛ր, ես բոլոր մարի թռչուններուն ողջույն եմ բերեր համագումարին։ 
	/Աղմկալի ու երկարատև ծափեր/։
	Զեկուցողը կշարունակե.
	- Ձկները կրիաներու բերնով կհայտնեն, որ անկարող են ցամաքի վրա ժողովի գալ և կհրավիրեն եկող համագումարը կազմել ջուրին մեջ։ Շերամները կբողոքեն այն կետի դեմ, որ ընտրությանը կրնան մասնակցել միայն 21 տարի լրացողները, մինչդեռ իրենք միայն երեք օրվա կյանք ունին։ Կխնդրեն միջոցներ ձեռք առնել՝ իրենց կյանքը երկարելու համար։
	Զեկուցումն ավարտելով, Ուղտը կնստե։ Նախագահը ձայն կուտա Մթնաձորի պատգամավոր Ի. Բորենիին։ 

	Բորենի – Պարոննե՛ր, ես կբողոքեմ այն մեկ քանի մութ ակնարկներուն դեմ, որ եղան մարդոց մասին։ Պարոն զեկուցողն ըսավ, որպես թե մարդիկ հեռացեր են կենդանիներեն, կամ չեն մեռնի՛ր կամ չեմ գիտեր, ինչ-որ արքայություն կերթան և այլն, և այլն: Ասոնք պարզ ասեկոսներ են ու արդյունք թյուրատեսության։ Իսկ այն հարցը, թե անոնք իրենց մարմնի մեջ հոգի ունին՝ ատիկա զրպարտություն է բացեն, ու ես կբողքեմ։ Ես կյանքիս մեջ երեսուն մարդեն ավելի եմ կերեր, սակայն չէ պատահած, որ միսեն զատ ուրիշ բան մը ինկած ըլլա ակռայիս տակ։ Ի՞նչ հոգի։ Ատիկա մութ ուժերու կողմե մղված պրովոկացիա մըն է, ուղղյալ մեր դեմ։

	Նախագահ – Պարոն Բորենի, զգուշացեք ավելորդ խոսքերե։

	Բորենի - /Շարունակելով/։ Ներեցեք, պարոն նախագահ, ես այս գործերուն մեջ կնկատեմ մութ արշավ մը ուղղյալ մեզ, բորենիներուս դեմ։ Գիտնալով, որ մենք առանց մարդու մսի չենք կրնար ապրիլ, ոչ մեկ մարդ չեք կանչած, իսկ  ոչխար՝ ինչքան ուզեք։ Ինչո՞ւ։ Պարզ է։ Վասնզի կազմակերպիչ կոմիտեն ամբողջովին գայլերե է բաղկացած։

	Նախագահ – Բարեկամ, կարգի կհրավիրեմ Ձեզի, գայլեր չեն կրնար դեմ ըլլալ մարդոց բացակայության, քանի որ անոնք մարդու միսը ավելի կսիրեն, քան ոչխարինը։ /Ծափեր կենտրոնեն/։

	Ձ. Օձ – Ես կուզեմ միանալ Բորենու բողոքին, պարզաբանելով մի այլ սխալ կետ մարդոց մասին, որ ըսավ հարգելի զեկուցողը։ Որպես թե մարդիկ մեռնելեն վերջ հող չեն դառնար մեզի նման, և ինչ որ տեղ կերթան։ Պարոննե՛ր, սխալներու մեջ չիյնանք։ Թե ինչպես է Աստված մարդուն ստեղծեր և ապա ինչ անց ու դարձ է եղեր մարդու և Աստծու միջև, կվկայե մեր նախահայր օձը, որուն զրպարտեցին որպես խաբեբա և որը սակայն հոն ներկա է եղեր։ Աստված Ադամին կատեգորիկ կերպով հայտնած է վերջին պահուն, որ հող էիր, հող դառնաս։ Անանկ որ Մարդու այս ժողովին չկանչելը պարզապես թյուրիմացության արդյունք է ըստ իս։ Մարդը գուցե մեզմե շատերես ավելի իրավունք ունի կենդանի կողչվելու։ Հազար անգամ լսած եմ՝ ինչպես իրենք իրենց ընկերներուն Էշ, Ավանակ, Շուն, Գայլ և այլն կանչած են։

	Նախագահը հարցը քվեի կդնե ու երեք հարյուր հիսուներեք ձայնով ընդդեմ երկուսի կորոշվի, որ մարդը կանդանի է։
	Նիստը կփակվի աքաղաղի երրորդ կանչի կեսին։

:::::::Երրորդ նիստ

	Կնախագահե  Զ. Եզը, կքարտուղարե Ր. Չագարը։
	Օրակարգ. -    1. Նախորդ նիստի արձանագրության ընթերցում։
			 2. Զեկուցումները կրթական-երաժշտական և բժշկա-սանիտարական սեկցիաներուն։
	
	Կարդացվեցավ ու վավերացվավ նախորդ նիստի արձանագրությունը։
	Ապա ժողովն անցավ կրթական-երժշտական սեկցիայի զեկուցման։
	Կրթական մասի զեկուցողն է թռչուններուն այցելու ուսուցիչ-դոկտոր Աղվեսը, իսկ երժշտականին՝ հայտնի սոլիստ Շ. Էշը։  

	Դոկտոր Աղվես – Պարոննե՛ր, շրջաններե եկած  տեղեկությունները մեր կրթական գործի մասին առավել քան ողբալի են։ Ութ ավաններ բոլորովին ուսումնարան չունին, 13 շրջան զուրկ է տարրական նախակրթութենե ու եղածներն ալ անկանոն դպրոցներ են, որոց մեջ միայն անասուններ կարելի է պատրաստել։ Ամբողջ Սարակողի, Բլրածայրի ճագարներու մատաղ սերունդը զուրկ է կրթական հաստատութենե։ Հավի ճուտերու և գառնուկներու համար չկան մանկապարտեզներ... Եթե Լայբնից մարդը ըսեր է. «Տվեք ինծի մանուկներու դաստիարակությունը, ես ամբողջ Եվրոպան կփոխեմ», ես ալ կըսեմ՝ տվեք ինծի մանուկ կենդանիներու դաստիարակությունը, ես ամբողջ կենդանական աշխարհը շուռ կուտամ։

	Շ. Էշ – Երկար խոսելով երաժշտության դերի և անոր անհրաժեշտության մասին՝ ցավ կհայտնե, որ երաժշտությունը հասկցված է որպես կուշտ ատենվան զբաղմունք։ Մինչդեռ պետք է երգել ավելի շատ անոթի ժամանակ։ Կքննադատե սոխակին մատուցած քանի մը խորթ մոտիվները ու կզգուշացնե միանգամայն, որ այս ընթացքը կրնա այլասեռել կենդանական հարազատ եղանակը։ Ի վերջո, դառնապես կգանգատվե, որ երաժշտության նման պատասխանատու գործ մը մենակ իր ուսերուն է ծանրացեր։
	Ժողովը կանցնե վիճաբանության։

	Ծ. Այծ – Պարոն զեկուցողն այն միտքը հայտնեց, որ պետք է մեր փոքրիկները իր դաստիարակությանը հանձնել։ Հոս ես օրենքի խախտում կնկատեմ ու միանգամայն ձուլման քաղաքականություն։ Մենք ունինք նախկին սահմանադրութենեն պարագրաֆ մը, ուր յուրաքանչյուր ցեղին իրավունք կտրվե մեկե երկու ամիս իր փոքրիկին դաստիարակել մայրենի լեզվով ու ոգով։
	Նույն իմաստով կխեսեն նաև Սագը, Ճագարը և Աքաղաղը։

	Լ. Գայլ – Այստեղ, պարոններ, թույլ տվեք ըսել, որ ոմանց կողմե անվստահության խոսքեր մը կըլլան մեր երախտավոր մեկ գործիչին նկատմամբ ձուլման կամ այլ հետին մտքերով։ Պարոն Աղվեսն մեկն է այն սրտացավ ու անձնազոհ գործիչներեն, որ գլուխ բերավ ներկա համգումարը։ /Աղվեսն ի նշան շնորհակալության կսեղմե գայլին պոչը/։ Ու հիմա ելնել ու ցեխ նետել անոր հասցեին՝ կհամարեմ դատապարտելի։ Ես կմիանամ Դոկտոր Աղվեսին բանաձևին ու միաժամանակ կավելցնեմ, որ փոքրերը անոր խնամքին հանձնելե վերջը, չի կարելի անոնց ծնողները, որոնք դպրոցական տարիքնին անցուցեր են, թողնել, որ մնան խոպան ու մեռնին որպես անասուն, այլ կառաջարկեմ գիշերային դասընթացներ՝ իմ կամ պարոն Արջին բնակարանին մեջ, ուր նրանք շատ օգտակար գիտելիքներ կրնան յուրացնել։ Հին ռեժիմին ատիկա անհնարին էր. վասնզի վստահությունը կպակսեր։ Սակայն հիմա մենք բոլորս եղբայրներ ենք։ /Հավանության նշաններ Աղվեսեն և Արջեն/։ Գալով Ավանակին զեկուցմանը...

	Շ. Էշ - /Վրդովված/։ Կվիրավորեք ինծի, պար՛ն, իմ անունս Ավանակ չէ, խնդրեմ քաղաքավարի եղեք Ձեր արտահայտության մեջ...

	Լ. Գայլ - /Կշարունակե/։ Ներեցեք, պարոն Էշ, ես ամենևին չուզեցի Ձեզ վիրավորել։ Ներողություն այդ մասին...
	Հա, գալով պարոն Էշին, ճիշտ է, որ անարդարություն է ամբողջ երաժշտական գործն անոր վզին թողուլ։ Ես կառաջարկեի ընկեր Արջին իր համեստ մասնակցությունը բերել այդ գործին։ Իսկ ինչ կվերաբերե Սոխակի խառնակիչ դերին, որու մասին ես կարծիք հայտնել չեմ կրնար, վասնզի կոմպետենտ չեմ, կառաջարկեմ իմ կողմե, պարոնայք, Շ. Էշը, Ղ. Աքաղաղը և Պ. Կարապը որպես մոտիկ երաժշտության արվեստին, քննեն ու արդյունքը ժողովին բերեն։ /Ժողովը կհամաձայնվե/։

	Ժողովը կփակվե աքաղաղի երրորդ կանչին։

:::::::Չորրորդ նիստ

	Կնախագահե Ջ. Արջը, կքարտուղարե Ս. Աղվեսը։
	Օրակարգ. – 1. Բժշկա-սանիտարական ու երկրի ապահովության սեկցիայի զեկուցումը։
	Զեկուցողներն են՝ Այրի Տիրուհի Կատուն և Վերապատվելի Ների Այծը։

	-Բժշկա-սանիտարական հարցը,- ոտը լիզելով սկսեց Տ. Կատուն,- սերտ կապ ունի մաքրասիրության հետ: Տեղ մը աղվեսներուն համայնքը կբողոքե հավերու մասին, որոնք շարունակ աղբյուսներու վրա ըլլալով, սիրտներնին կխառնե ու չեն կրնա ախորժակով ուտել անոնց միսը: Շատ մը աղվեսներ անմաքուր հավեր ուտելով ենթարկվեր են վարակիչ հիվանդության ու մեռեր: Հոս կա մեռնողներու ցանկը, բայց կարդալ ավելորդ կսեպեմ:
	Եղջերուները կհայտնեն, որ գայլերը, արջերը և բորենիները հաճախ իրենց սեղանը ընտրելով կանաչ մարգագետինները՝ կկեղտոտեն մեծ տարածությամբ արոտներ ու արածելու անպետք կդարձնեն այլևս: Այս և նման գանգատները կբերեն հանձնախբիս այն եզրակացությանը, որ մաքրության գործը թողնված է երեսի վրա: 
	Վիճաբանության ատեն մաքրության հակառակ արտահայտվեավ Զ. Խոզը, որն ի միջի այլոց ըսավ.
	-Հաստատել մաքուր կարգեր երկրի վրա, կնշանակե քակել այն բազան, որուն վրա կեցած է խոզը:
	Երկար թեր ու դեմ վիճաբանելե զկնի, որոշվեց խոզերուն ալ բավարարելու համար միանգամայն չսկսիլ մաքրագործությունը, այլ հետզհետե, կամաց-կամաց:
	Բուռն ծափերու տարափի տակ բեմ ելավ վերապատվելի Ների Այծը:

	Նախքան սկսելը, նախագահը քանի մը խոսքով ծանոթացուց կենդանիներուն այս համակելի գործիչին հետ: Ան ըսավ.
	-Պատիվ ունիմ ներկայացնելու ձեզի ծերունազարդ Ներին, որ իր ամբողջ կյանքը նվիրեր է գիշատիչ հեթանոսներուն խաղաղ, խոտաճարակ դարձնելուն: Անոր եղբայրության քարոզները հնչեր են Աֆրիկայի խորերեն սկսած մինչև հնդկական անտառները ու պիտի հնչեն, քանի դեռ կենդանի է: Հարգանք իրեն:

	Վեր. Ների – Ես կուգամ հեռավոր արևելքեն: Շրջեր եմ ողջ աշխարհը, տեսեր անլուր ոճիրներ ու ծով թշվառություն: Եվ լսելով քավոր Էշի բերանացի հայտարարությունը համագումարի մասին, փութացի ձեր առջև դնելու մեզ սպառնացող վտանգը իր անբողջ սարսափներով: Պարոննե՛ր, խոտաճարակ դասը ենթարկված է սիստեմատիկ հալածանքի ու ոչնչացման: Ան օրհասի մեջ է. անոր զավակները կպատառոտվեն, անոր ծերերը կփողոտվեն գազանաբար: Անձամբ ականատես եմ եղած, թե ինչպես կտոր-կտոր կըլլար այծ մը իր երեք աղջիկներու հետ: /Բացականչություններ՝ կորչե՛ն գազանները/: Ըսել, թե այս բոլորը արդյունք էին հին ռեժիմին, թե նորը գալով հինը մոռցվեց՝ սխալ կըլլա միանգամայն: Ինծի ցույց տվին լափումներ դեռ 18 օր առաջ կատարված, երբ արդեն ազատությունը եկած էր և եղբայրությունը թագավորած երկրիս երեսին: Պարոննե՛ր, կհայտարարեմ, որ նման ցավալի դեպքերը վերջանալիք չունին, քանի դեռ կանդանի են, քանի կապրին արյունարբու Գայլը, Արջն ու Բորենին: /Աղմուկ/:

	Նախագահ – Կխնդրեի, պատվելի հայր, անհատականության չդպնալ: Խոսեցեք ընդհանուր կերպով և մենք կհամաձայնինք Ձեզի:

	Գայլ - /Տեղեն/: Պետք է հաստատե իր ըսածները: Ձայն կուզեմ:

	Նախագահ – Ձայնը Ձերն է, պարոն Գայլ:

	Գայլ – Ես ամենեն առաջ իմ զարմանքս կհայտնեմ, որ քարոզիչ մը իրեն թույլ կուտա ասանկ գրգռիչ ընթացք մը բռնելու, մինչդեռ ան կոչված է խաղաղասեր դեր ստանձնելու: Ան պարզապես կանվանարկե նոր կարգերը, հայտնելով, որ նոր ռեժիմի օրոք ալ շարունակվեր է գազանությունը ու կբերե փաստ մը: Այդ փաստին ես ալ ծանոթ եմ: Այստեղ հայր Ներին մեծ թյուրիմացության մեջ է. 18 օր առաջ, երբ պատահած է վերջին գազանությունը երկրիս վրա, դեռ ազատություն չէր հռչակված: Նոր կարգերը, ատ եղավ ամսույս 3-ի գիշերը աքաղաղի առաջին կանչին, մինչդեռ հիշյալ ոճիրը կատարվեր է կես կանչ առաջ: Ասիկա փաստ է, կուզեք ստուգեցեք:

	Նախագահ – Պարոննե՛ր, ինծի ալ անանկ թվեցավ, որ վերապատվելին փաստերը գունավորած կպատմե և դեպքերը խոշորացուցած: Բացարձակ թշնամություն գիշատիչներու ու խոտաճարակներու մեջ չկա, սա կհայտարարեմ բացեն: Անոնք ալ մեր եղբայրներն են: Պատառոտելը չի եղած անոնց չարչարելու կամ սերունդը կտրելու մտոք, այլ կրնա պատահիլ, որ մեր գազաններեն անհասկացող մը իր անոթության ժամանակ միամտաբար, առանց կանխակալ ատելության, կերեր է մեկը իր խոտակեր եղբայրներեն: Բայց ասանկ մասնավոր դեպքեր բերել ու ընդհանրացնել, ողջ ցեղի մը պատվի հետ խաղալ ըսել է՝ ինչ բանը թույլատրել չեմ կրնար:  

	Վեր. Ների - /Տեղեն/: Երբեք մասնավոր չէ: Մտաբերեցեք, թե ի՞նչ եք կերեր առտուն:

	Նախագահ – Եթե ձեզի կհետաքրքրե իմ կերածը՝ ըսեմ, պարոննե՛ր, ես շաբթե մը ի վեր ծոմ եմ պահեր: Ես ուխտավոր եմ: Բայց ի՜նչ անքաղաքավարություն, հարցնել ուրիշին կերածին մասին...

	Երկար վիճաբանութենե ետքը կքվեարկվին երկու բանաձևեր.
	ա. բանաձևը, որ կազմեց գիշատիչներու ֆրակցիան՝ կըսե. «Ոչ մեկ գազան իրավունք ունի պատառոտել որևէ կենդանի... եթե կուշտ է»: Իսկ հակառակ ֆրակցիան կձայնե. «Ժողովս կարգիլե ամեն տեսակ խախտումն անձի անձեռնմխելիության: Կեցցե՜ կենդանիներու ազատ եղբայրությունը»:
	Բուռն ու երկարատև ծափերով կընդունվե երկրորդ բանաձևը և համագումարը կարձակվե: Երեկոյան մութն իյնալուն պես յուրաքանչյուր կենդանի իր անտառը կքաշվե, տանելով հետը հաճելի տպավորություններ համագումարեն:

:::::::Վերջաբան

	Կես գիշեր էր, երբ պատգամավոր Գայլը այցելության համար իր նոր «քրոջ»՝ Ոչխարի օթևանը մտավ:
	- Քուրիկ, - ըսավ ան անվստահ ու ամաչկոտ, - բան մը պիտի խնդրեմ, բայց գիտեմ, որ ամոթ է, որ կհակասե համագումարին որոշումը... Կհարգեմ համագումարին որոշումը,կսիրեմ քեզի բոլոր սրտով, բեր համբուրեմ թաթիկներդ, որ հասկնաս սրտիս մեջ քեն չունիմ դեպի քեզ... Բայց...
	- Սրտաբաց խոսիր, սիրելիս, դուն իմ եղբայրն ես, ի՞նչ կա ամչնալու, - հարեց նոր «քույրը»:
	- Անոթութենե կնվաղի սիրտս... կուզե՞ս, որ մեռնիմ...
	- Ո՛հ, տեր մի արասցե, ինչե՞ր կխոսիս...
	- Ուրեմն բեր քեզի քիչ մը... ուտեմ:

''1917''
</div>
[[Կատեգորիա:Լեռ Կամսար]]